beliivelikan.jpg_1465801351.jpg

Սպիտակ Հսկա

 Սպիտակ Հսկա ցեղը ստացել են  անցած դարի սկզբում՝ Բելգիայում: Ֆլանդր ցեղի հսկա  ճագարներից ընտրվում էին միայն սպիտակ մորթիով ալբինոսները: Նման սելեկցիոն աշխատանք իրականացվել է նաև Գերմանիայում: Սպիտակ Հսկա ցեղի ճագարին այլ ցեղից տարբերելը դժվար չէ: Այս ցեղի ճագարներըն  ալբինոս են, մորթին ունի սպիտակ գույն՝ առանց այլ երանգների առկայության:  ճագարի վրա հնարավոր չէ գտնել նույնիսկ  մի բիծ: Նրանց աչքերը՝ ինչպես մյուս ալբինոսների մոտ, կարմիր գույն ունեն, դա արյունատար անոթներն են, որոնք երևում են աչքի ծիածանաթաղանթի վրա: Ինքը՝ ծիածանաթաղանթը, որևէ գունավորում չունի: Սպիտակ Հսկա ճագարը կարող է «հպարտանալ» ամրությամբ, չափավոր երկարավուն մարմնով,  լայն և ուղիղ մեջքով, զարգացած կրծքավանդակով:  Որձերի գլուխը փոքր ինչ ավելի կլորավուն է, քան էգերինը, ինչ վերաբերվում է թաթերին, ապա նշենք, որ այս ցեղի ճագարներն ունեն ուղիղ և երկար թաթեր: Սպիտակ Հսկա ցեղի հպարտությունն է նաև ճերմակ ու խիտ մորթին: Համաձայն հետազոտությունների մորթու 1քառ. սմ.-ի վրա առկա է ավելի քան 20 հազար մազմզուկ: Ցեղը պատկանում է ճագարների մսատու-մորթատու տարատեսակին: Սպիտակ և փափուկ մորթին բարձր է գնահատվում մորթե իրեր արտադրողների շրջանում: Համաձայնեք, քչերը կհրաժարվեն իրենք պահարանում ձյունաթույր մորթուց  ժիլետ կամ վերարկու ունենալուց: Իսկ ներկման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը է՛լ ավելի պոպուլյար է  դարձնում այդ մորթե իրերը: Նկատենք նաև, որ հարուստ մորթին որևէ կերպ չի ազդում կենդանու մսատվության վրա: Հասուն առանձնյակը 10 ամսեկան հասակում արդեն հասնում է 5-6 կգ.-ի: Սպիտակ Հսկա ցեղի ճագարը ֆիզիկապես չի կարող ապրել նեղ և փոքր վանդակի մեջ: Սա կարելի է համարել իբրև այս ցեղի բացասական կողմ: Մյուս հարցերում այս ցեղի ճագարներին պահելու պայմաններն որևէ բանով չեն տարբերվում մյուս ճագարներից: Նրանք պետք է հովին հանգստանալու  հնարավորություն ունենան և հեռու լինեն միջանցիկ քամիներից: Այս ցեղի լավագույն հատկանիշներից են մայրական հատկանիշները: Դեպքերը, երբ այս ցեղի մայրը վնաս է հասցնում իր ձագուկներին՝ շատ հազվադեպ են: Սպիտակ Հսկաների պտղատվությունը ևս գովասանքի է արժանի: Մեկ ծնունդի ժամանակ այս ճագարներն ունենում են 7-9,  երբեմն էլ մինչև 14 ձագ: Մայր ճագարները շատ լավ են կերակրում ձագերին: Լիարժեք կերակրման դեպքում նրա կաթը հերիքում է ձագերին  8-9 շաբաթ կերակրելու համար: Դրա շնորհիվ նոր սերունդն ունենում է բարձր իմունիտետ և արագ քաշ է ավելացնում: Մորից անջատելու պահին ճագարի ձագերի կենդանի քաշը արդեն հասած է լինում 1,5-2 կգ.-ի: Բազմացման համար սովորաբար օգտագործվում են ցեղի մաքուր առանձնյակները, բայց այլ ցեղի հետ խաչասերումը ևս կարող է նպաստել, որ Սպիտակ Հսկա ցեղի որակներն է՛լ ավելի բարելավվեն: Սպիտակ Հսկա ցեղի ճագարների մոտ ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ առանձնյակներ, որոնք մորթու փոխարեն թույլ մազածածկույթ են ունենում: Դա բնորոշ չէ այս ցեղին, այդ իսկ պատճառով նման առանձնյակներին խորհուրդ չի տրվում խաչասերել: Սպիտակ Հսկան բավական տարածված ցեղ է  ճագարաբուծությամբ զբաղվող ֆերմերների մոտ: Այս ցեղի ճագարների բազմացման  էֆֆեկտիվությունը  բարձր է շնորհիվ արժեքավոր մսի և լավ  մորթու: